Եվ այսպես, ՀՀ դատախազությունը Ն.Ս.Օ.Տ.Տ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել և արգելել նրա ելքը Հայաստանից։ Մարդիկ խառնվել են իրար։
Լավ, իսկ ի՞նչ անսպասելի բան է տեղի ունեցել։ Արցախը, նրա քաղաքները, գյուղերը, հազարամյա եկեղեցիներն ու վանքերը հանձնած, ՀՀ տարածքից ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներն ու ճանապարհները լքած, երկիրն ու ժողովրդին բացահայտորեն թուրքացման ճանապարհով տանող իշխանությունն այդ ի՞նչ մի բարոյական արգելք պետք է ունենար, որ նման քայլի չդիմեր։
Մեր խնդիրն ուրիշ տեղ է։ Չկան արդյունավետ ընդդիմադիր կուսակցություններ և առաջնորդներ, որոնք ունակ են ղեկավարել ազգային համատարած բողոքը՝ կազմակերպելով փոքրիշատե լուրջ քաղաքական դիմադրություն։
Պետական համակարգն ամբողջովին փտած է, և դա շատ հին՝ նախանիկոլական երևույթ է։ Հույսեր կապել դատական համակարգի հետ նույնպես չի ստացվի։ Բանակն ամբողջությամբ քպ-ական վերահսկողության ներքո է։ ԱԱԾ-ն և ոստիկանությունը՝ նույնպես։ Իսկ Փաշինյանն ու նրա թիմը՝ օտարի դրածո և ծառա են։
Ի՞նչ է ստացվում։ Ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունի միայն դե յուրե՝ թղթի վրա։ Իսկ իրականում հայ ժողովուրդը պետականազուրկ է։ Քողարկված օտար տիրապետության մի ժամանակաշրջան է, որը հզոր արտաքին թշնամիների առկայության պայմաններում պետք է երկիրը ծրագրված կերպով բերեր-հասցներ հենց այսպիսի արդյունքի։
Վերլուծությունը հենց այստեղից պետք է սկսել։ Ի՞նչ և ով պետք է անի, որպեսզի վերականգնվեն Հայաստանի անկախության հիմնական հատկանիշները՝ քանի դեռ անդառնալիորեն ուշ չէ։ Ինչպե՞ս վերատիրանալ պետական ինքնիշխանությանը և ստեղծել ազգային անվտանգության իրական ու գործուն համակարգ։
Ամեն ինչ պետք է սկսել զրոյից։
Մինչդեռ այս ամենօրյա աղետալի վիճակում «ընդդիմությունը» բուռն կերպով պատրաստվում է հունիսյան «ընտրություններին»։ Խելքի՛ աշեցեք։ Մինչև հունիս Փաշինյանն ու Ալիևը դեռ ինչե՜ր են անելու։
Թվում է, թե ժամանակը մեր դեմ է աշխատում... Բայց և՝ Վեհափառ Տիրոջ, Ս. Էջմիածնի միաբանության, առհասարակ հայ քաջարի հոգևորականության և Եկեղեցու աննահանջ կեցվածքն ու պայքարը ոգեշնչող է և հուսադրող։ Ամեն ինչ դեռ առջևում է։
Աստվածն առաջ։
Արմեն Այվազյան